Հունիսի 30-ին Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունները դատական հայց կներկայացնեն Հայաստանի իշխանությունների դեմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը։ Հայաստանի վարչական դատարան դիմելու որոշումը կապված է այն բանի հետ, որ երկրի պետական տարբեր գերատեսչությունների կողմից ստորագրվել են Հայաստանի Լոռու մարզի Թեղուտի հանքավայրի շահագործման մասին փաստաթղթեր, որոնք խախտում են Հայաստանի Սահմանադրության, երկրի օրենքների, ինչպես նաև միջազգային մի շարք համաձայնագրերի մի շարք դրույթներ։ Սավզյանը նշել է, որ դատարան դիմելու մասին հարցը մի փոքր ձգձգվել է, ինչը պայմանավորված է նյութի մեծ ծավալով (66 էջ), սակայն «ուրբաթ օրն արդեն կառավարություն են ուղարկվել դատական նյութերը, և այժմ մենք հույս ունենք, որ վաղը գործը կհանձնվի դատարան»։
Բացի դրանից, Սավզյանը տեղեկացրեց, որ Երևանում բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից 10 օրում հանքավայրի շահագործման դեմ հավաքվել է շուրջ 6 հազար ստորագրություն։ Ըստ նրա, դրանք առաջիկա երկու օրերին կուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին։ «Մարդկանց 90%-ը, որոնց մենք մոտենում էինք, հաճույքով ստորագրում էին և ուրախ էին, որ Թեղուտի հանքավայրի մասին իրենց կարծիքը հաշվի կառնվի»,- հատուկ ընդգծեց Սավզյանը։
Հանքավայրի մշակմամբ զբաղվող Armenian Copper Programme (ACP) ընկերության ներկայացուցիչների այն հայտարարության կապակցությամբ, թե կտրված 350 հա անտառների փոխարեն Հայաստանի ողջ տարածքով կտնկվեն երկու անգամ ավելի ծառեր, Սավզյանն ընդգծեց, որ դա աբսուրդ է։ «Անտառը նաև կենդանական աշխարհ ընդգրկող մի ամբողջական համակարգ է և ծառեր տնկելով այն չէս վերականգնի»,- հայտարարեց Սավզյանը՝ նշելով. «դա չի կարող փոխհատուցում կոչվել»։
Նշենք, որ հանքաքարի պաշարները Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրում կազմում են շուրջ 450 մլն. տոննա, այդ թվում պղնձի պաշարները՝ 1,6 մլն. տոննա (հանքաքարում պղնձի պարունակությունը 0,355% է), մոլիբդենինը՝ 99 հազար տոննա (պարունակությունը 0,21%)։ Հանքի շահագործման ժամկետը կկազմի 30-45 տարի՝ տարեկան 25-30 հազար տոննա պղնձի և 8 հազար տոննա մոլիբդենի արդյունահանմամբ։ Հանքի մշակման արտոնագիրը ACP ընկերությանն է տրամադրվել 2001 թվականին։
Հանքավայրի գործարկման դեպքում կկտրվի 357 հա անտառազանգված, ընդ որում տարեկան կկտրվի 12-ական հա։ Հանքի գործարկման նախագիծը լուրջ դժգոհություն է առաջացրել հասարակական կազմակերպությունների շրջանում, նախագծի դեմ են հանդես եկել նաև մի շարք պատգամավորներ, քանզի, ըստ նրանց, գործարկումը լուրջ վնաս կհասցնի էկոլոգիային։ Չնայած այդ ամենին, Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ծրագրին։ Հիշեցնենք, որ ACP-ն պատկանում է Vallex Group-ին։ Ընկերության հիմնական բաժնետերը (80,74%) Լիխտենշտեյնում գրանցված «Էֆ Էմ Իսթաբլիշմենթ» ընկերությունն է, իսկ բաժնետոմսերի 19,26%-ը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեժլումյանին։


























