ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 27-ին Երեւանում հանդիպել է Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի (CABC) ատենապետ Վահրամ Փիրիջանյանի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Վ.Փիրիջանյանի եւ Յալքեզյան հիմնադրամի միջոցներով Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում վերանորոգվել է գյուղի մանկապարտեզը, կառուցվում է նոր ջրագիծ եւ ջրահեռացման համակարգ, որը շահագործման կհանձնվի սեպտեմբերին: Վ.Փիրիջանյանը բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում:

Ողջունելով Վ.Փիրիջանյանի հայրենանվեր գործունեությունը` նախարար Հ.Հակոբյանն ընդգծել է նման ձեռնարկների կարեւոր նշանակությունը Հայրենիքի շենացման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման առումով:

Քննարկվել են 2011 թվականի գարնանը նախատեսվող հայ գործարարների համահայկական համաժողովին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Կանադայի հայ համայնքի հիմնախնդիրներին: