Շվեդական Հալմստադ քաղաքում հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 7-ը  տեղի կունենա «Լայնացրու մտահորիզոնդ` ներդնելով նոր փորձը քո երկրում» խորագրով ամենամյան երիտասարդական մեծ հավաք ` «Եվրոպական Ռալլի -2010»:  Վերջինս կազմակերպվել է «Եվրոպական գյուղական երիտասարդություն» միջազգային կազմակերպության եւ Եվրոպայի Խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցելու են եվրոպական տարբեր երկրներ ներկայացնող գյուղական երիտասարդական կազմակերպությունների  5 հոգանոց պատվիրակություններ, այդ թվում նաեւ տեղական իշխանություններից ու շվեդական պետական ապարատից ներկայացուցիչներ:
Թե՛ եվրոպական եւ թե՛ տեղական գյուղական վայրերում գրեթե խնդիրները նույնն են. երիտասարդության ցածր մասնակցություն հասարակական կյանքում, աշխատանքային տեղերի պակաս, նվազ տեղեկացվածություն, սոցիալական եւ տնտեսական խնդիրներ: 

Հենց այս պատճառով էլ կազմակերպվել է «Եվրոպական Ռալլի-2010» ամենամյա երիտասարդական հավաքը, որտեղ  երիտասարդները փորձի փոխանակման շնորհիվ կփորձեն գտնել գյուղական վայրերում նմանատիպ խնդիրների  լուծման հնարավոր տարբերակներ: Նրանց հնարավորություն կտրվի մտածել ավելի գործնականորեն` ստանալով նոր ծրագրերի գաղափարներ, մեթոդներ ու գյուղական վայրերում երիտասարդության կյանքը ավելի ակտիվ դառձնելու  նորանոր փորձեր, որոնք միտված կլինեն գյուղի ու գյուղի երիտասարդի ապրելաոճի զարգացմանը: Միջոցառմանն իր մասնակցությունն է ունենալու նաեւ հայկական գյուղական երիտասարդությունը, որտեղ պատրաստվում են ներկայացնել հայկական մշակույթը, երգը, պարը, տարազները, տեղական արտադրանքը` կաթնամթերք, քաղցրեղեն, ավանդական ուտեստները եւ հայկական դեղձն ու ծիրանը: