«ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոն»-ը Հայաստանում առաջին անգամ հուլիսի 28-ին նշեց PR-ի եւ PR մասնագետների միջազգային օրը:
Միջոցառման ժամանակ 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին դրական հասարակական կարծիքի ձեւավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների եւ կազմակերպությունների: Մրցանակակիրների թվում էին`
Լավագույն կրթական- խրախուսական միջոցառում - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ԱԺ-ում բաց դաս անցկացնելու համար,
Լավագույն բնապահպանական նախագիծ - «Վիվա Սելլ-ՄՏՍ» ընկերությունը՝ «Վերաբերվիր բնությանը ինչպես ինքդ քեզ» խորագրով տեսահոլովակների շարքի համար,
Լավագույն անակնկալ ակցիա - «Միասին» ՀԿ-ն` մարտի 8-ին կենդանի բացիկ բոլոր հայուհիների համար,
Լավագույն ֆլեշ մոբ - Uni staff-“The time has come”՝ Մեծ եղեռնի 95-ամյակին նվիրված ֆլեշմոբի համար,
Հայրենական բրենդի լավագույն PR - «Շանթ» հեռուստաընկերությանը` «Հայկական Աշխարհ» համահայկական նախագծի համար:
«ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոն»-ի նախագահ Հայկ Կիրակոսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ կայացած PR մասնագետները Հայաստանում մոտ 20-ն են, իսկ դա շատ քիչ է, քանի որ օրինակ՝ ԱՄՆ-ում ներկայումս կա մոտ 200 000 PR մասնագետ եւ մոտ 6000 PR ընկերություն։ Սակայն վերջին շրջանում Հայաստանում սկսվել է ոչ միայն ավելի մեծանալ ոլորտի մասնագետների պահանջարկը, այլեւ PR-ի կարեւորությունը սկսել են գիտակցել տարբեր ոլորտներում: « Եթե սկզբում PR-ը միայն քաղաքական դաշտ մուտք գործեց, ապա այն այժմ սկսվել է տարածվել նաեւ այլ ոլորտներում` բիզնեսում, մշակույթում, տեխնոլոգիաներում եւ գիտության մեջ»,- ասաց Հ. Կիրակոսյանը:




























