Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են միջինը 33 տարեկան 10 առողջ երիտասարդներ, միջինը 85 տարեկան 10 առողջ ծերեր, ինչպես նաեւ միջինը 77 տարեկան չափավոր կոգնիտիվ խախտումներ ունեցող 10 տարեցներ: Հետազոտության մասնակիցները Մոցարտի երկու դաշնամուրի համար գրված K448 ռե մաժոր Սոնատայից «L'allegro con spirito»-ն եւ Բեթհովենի «Fur Elise»-ը: The Daily Mail-ի փոխանցմամբ, դրանից առաջ եւ հետո մասնագետները կամավորներին ԷԷԳ հետազոտության են ենթարկել:
Գիտնականները նկատել են, որ Մոցարտի ստեղծագործությունը լսելուց հետո ե՛ւ երիտասարդների, ե՛ւ տարեցների մոտ ալֆա-ռիթմը, որը կապված է IQ-ի, հիշողության, ճանաչողության եւ խնդիրների լուծման ունակության հետ, ավելի արտահայտված է դարձել: Բեթհովենի երաժշտությունն այդպիսի արդյունքի չի հանգեցրել: Մոցարտի երաժշտությունը, ամենայն հավանականությամբ, ակտիվացնում է նեյրոնային շղթաները, որոնք կարեւոր են կոգնիտիվ գործառույթների համար:
Ըստ MedDaily-ի, հետազոտողները նշել են, որ սոնատայի ռացիոնալ եւ բարդ կառուցվածքը գլխուղեղի կեղեւի կազմակերպում է հիշեցնում: Մոցարտի երաժշտության առանձնահատկություններից է այն, որ կոմպոզիցիաներում գրեթե բացակայում են անկանխատեսելի տարրերը, որոնք կարող են ունկնդրին շեղել գործընթացից:
Նախորդ՝ 1993 թվականին հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն էլ, K448-ի ունկնդրումը զարգացնում է տարածական մտածողությունը:





























