Թուրքական Fusion Tour զբոսաշրջային ընկերությունը հաճախորդներին առաջարկել է մասնակցել Էգեյան ծովով առաջին «հալալ» պտույտին: Ըստ BGN News-ի, նավը սեպտեմբերի 27-ին մեկնելու է Իզմիրից: 6-օրյա ուղեւորության ընթացքում կանգառներ են նախատեսվում Ռոդոս եւ Կրետե կղզիներում:
Նավի վրա ալկոհոլ եւ խոզի մսից ուտեստներ չեն լինելու: Տղամարդկանց եւ կանանց համար առանձին մարզասրահներ, SPA-կենտրոններ, թուրքական բաղնիքներ եւ աղոթասրահներ են գործելու:
Lenta-ի փոխանցմամբ, Fusion Tour-ի ղեկավար Քեմալ Գյունայը նշել է, որ ուղեւորության ընթացքում զբոսաշրջիկները բազմաթիվ նոր բաներ կսովորեն մշակույթի եւ պատմության մասին: Օրինակ՝ նավի վրա ճանապարհորդները կարող են հետեւել դերվիշների պարին, այցելել թեմատիկ ֆոտոցուցահանդեսներ կամ դասական թուրքական երաժշտություն լսել:
Կազմակերպիչները նախատեսում են առաջիկայում ընդլայնել «հալալ» ուղեւորությունների աշխարհագրությունը եւ պտույտներ կազմակերպել՝ կանգառ անելով Բուդապեշտում, Բելգրադում, Վիեննայում եւ իտալական մի քանի քաղաքներում:





























