Օգոստասի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Պոտսդամում հանդիպել է ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեին եւ քննարկել երկկողմ համագործակցության մի շարք հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Դիթմար Վոյդկեն նշել է, որ իր համար կարեւոր է քրիստոնեական հարուստ մշակույթ ունեցող երկրի դեպանին ընդունելը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Բրանդենբուրգ երկրամասը հատկապես մեծ նշանակություն ունի, քանի որ Պոտսդամում է գտնվում գերմանացի հայտնի մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Բրանդենբուրգ երկրամասի միջեւ գյուղատնտեսության, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես ընդգծելով Պոտսդամի եւ Բյուրականի աստղադիտարանների միջեւ փոխգործակցության մեծ ներուժը:





























