Կուբացի անօրինական ներգաղթյալների տասնյոթ հոգանոց մի խումբ Կարիբյան ծովում փրկվել է Մեքսիկայի ռազմածովային ուժերի կողմից։ Այդ մասին հայտնել է մեքսիկական հեռուստատեսությունը։
Զինվորականները Կինտանա-Ռոո նահանգի ափամերձ շրջանում ինքնաշեն մի նավ են հայտնաբերել, որի վրա գտնվել են Կուբայի քաղաքացիներ։ Անօրինական ներգաղթյալներին հասցրել են Մուխարես կղզու վրա գտնվող փրկարարական բազա, որտեղ նրանց հետազոտել են բժիշկները։ Այնուհետեւ նրանց հանձնել են Միգրացիայի ազգային ծառայության աշխատակիցներին՝ օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան։
Վաշինգտոնի որդեգրած «չոր եւ թաց ոտքերի» քաղաքականության համաձայն, ԱՄՆ հասած կուբացիները կարող են արագացված կարգով կեցության իրավունք եւ այլ արտոնություններ ստանալ։ Միաժամանակ՝ ծովում ձերբակալվածները, նույնիսկ՝ ամերիկյան տարածքին շատ մոտ, հետ են ուղարկվում հայրենիք, որտեղ նրանք կարող են դատական հետապնդման ենթարկվել։




























