ՉԺՀ-ի Մշակույթի նախարարությունը հրապարակել է «սեւ ցուցակ»-ը այն 120 երգերի, որոնք «անպարկեշտություն, բռնություն, հանցավորություն եւ հասարակական վնասարարություն» են քարոզում։
Վեբ-կայքերի տերերին հրահանգված է ջնջել այդ ցուցակի մեջ մտնող ստեղծագործությունների ձայնագրությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կազմակերպություններին եւ անհատներին թույլ չի տրվում այդ երգերը տեղադրել համացանցում։ Այդ պահանջի խախտումը խստորեն կպատժվի», — ասվում է նախարարության շրջաբերականում։
Նորամուծությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել չինական բլոգոլորտում։ Համացանցի օգտատերերի մեծ մասը հեգնանքով է ընդունել նոր փաստաթուղթը։
«Ցուցակում ընդգրկված երգերն այսօր ներբեռնումների թվով առաջատար կդառնան», — իր Sina Weibo միկրոբլոգում գրում է Վան ազգանունով օգտատերը։ «Ես երբեք չէի լսել այդ երգերը, բայց պիտի ծանոթանամ դրանց», — մեկնաբանում է մեկ ուրիշ օգտատեր Լի ազգանունով։
Միաժամանակ, չինացի փորձագետները նշում են, որ նման ցուցակի ներմուծումը «լրիվ օրինաչափ» է։ Երգերն օրինախախտության կոչեր են պարունակում, ինչը նպաստում է չինական հասարակությունում իրավիճակի ապակայունացմանը։





























