«Գահերի խաղ»-ի վեցերորդ սեզոնում կներկայացնեն երիտասարդ Նեդ Սթարկին։ Ինչպես հաղորդում է Watchers on the Wall-ը, հեռուստադիտողները հերոսին միայն հետահայաց դրվագներում կտեսնեն։
Տեսարաններից մեկում հերոսը թրով կմենամարտի։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Պարբերականի տեղեկությունների համաձայն, այժմ HBO հեռուստաալիքը կաստինգ է անցկացնում այդ դերի համար։ Առավել հավանական թեկնածուն 13-ամյա բրիտանացի թատերական դերասան Սեբաստիան Քրոֆթն է։ HBO-ի ղեկավարությունն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը, փոխանցում է Lenta-ն։
Ինչպես պարզաբանել է Watchers on the Wall-ը, Քրոֆթը փորձառու դերասան է․ նա խաղացել է լոնդոնյան մի քանի թատրոնում եւ մասնակցել է թատերական շրջագայությունների։ Մասնավորապես, Սյու Թաունսենդի գրքի հիման վրա բեմադրված «Էդրիան Մոուլի գաղտնի օրագիրը» պիեսում նա է հանդես եկել գլխավոր դերում։
«Գահերի խաղ»-ում Նեդ Սթարկի դերը խաղացել է բրիտանացի Շոն Բինը։ Առաջին սեզոնի իններորդ սերիայում նրա հերոսի գլուխը կտրում են, ինչից հետո նա այլեւս չէր հայտնվել սերիալում։





























