Ղրղզստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել են Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւն ու Ալմազբեկ Աթամբաեւը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵՏՄ-ին անդամակցելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի սահմանին, որից հետո Ղրղզստանի մաքսային սահմանները ԵՏՄ-ի հետ բացվել են:
Ղրղզստանի տարածքում ուժի մեջ է մտել միասնական մաքսային սակագինը եւ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրան, ինչպես նաեւ մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ապրանքների նկատմամբ միասնական պահանջները:
Ռուսաստանում Ղրղզստանի քաղաքացիների համար հանվել են աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության եւ աշխատանքի տեղավորման թույլտվության փաստաթղթերի մասին բոլոր սահմանափակումները: Ղրղզստանի քաղաքացիները 1 ամսով ազատված են ՌԴ տարածքում պաշտոնապես գրանցվելու անհրաժեշտությունից: Ղրղզստանի կրթական հաստատությունների փաստաթղթերը ընդունելի են ԵՏՄ բոլոր երկրներում:




























