Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն ամենայն հավանականությամբ լինելու է այս տարվա նոյեմբերին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Ֆելիքս Թոխյանը:

«Մասնագիտական հանձնաժողովը առաջիկա երկու օրերի ընթացքում կավարտի աշխատանքը, որից հետո նախագիծը կներկայացնի Հանրապետության նախագահին, որն էլ իր հերթին այն հենց այս ամսվա ընթացքում էլ կներկայացնի Ազգային ժողովին»,- ասաց Սահմանադրական դատարանի անդամը՝ նշելով, որ իր կարծիքով՝ հանրաքվեն կլինի մինչեւ նոյեմբերի վերջ։

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն հրապարակել է նոր նախագծի 1-15-րդ գլուխները։ Նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։