Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի դիակիզված աճյունը կվերադարձվի նրա հայրենիք եւ դեկտեմբերից սկսած՝ կցուցադրվի Կարտախենա քաղաքի վանքում, հաղորդում է Associated Press-ը։
Բոլիվար դեպարտամենտի կառավարիչ Խոսե Կարլոս Գոսայը գործակալությանը հայտնել է, որ այդ որոշումը համաձայնության արդյունք է, որին հանգել են Կոլումբիայի իշխանությունները եւ Մարկեսի ընտանիքը։
Հենց Կարտախենայում է սկսվել Մարկեսի գրական կարիերան։ Համարվում է, որ այս քաղաքն է նախատիպ հանդիսացել նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Սերը ժանտախտի ժամանակ» վեպի համար, փոխանցում է Gazeta-ն։
Գործակալությունը նշել է, որ նախկինում շատերը ենթադրում էին, թե Մարկեսի աճյունը կմնա Մեքսիկայում, որտեղ գրողը մի քանի տասնամյակ ապրել է մինչեւ իր մահը։
Մարկեսը մահացել է 2014 թվականի ապրիլի 17-ին՝ Մեխիկոյում, 88 տարեկան հասակում՝ երիկամային անբավարարությունից։ Հրաժեշտի արարողությանը հազարավոր մեքսիկացիներ ի նշան հարգանքի թղթե թիթեռնիկներ են նետել։





























