Օգոստոսի 11-14-ը Երեւանի «Ռեժինե» հյուրանոցում անցկացվում է աղետի գոտում գործողությունների hամակարգման կենտրոնի (OSOCC) ծավալման եւ գործառույթների թեմայով ճանաչողական միջազգային դասընթացի առաջին փուլը:

Այն կազմակերպել են Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող տարածաշրջանային գրասենյակը եւ ՌԴ ԱԻ նախարարությունը: Սեմինարին մասնակցում են արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից եւ Տաջիկստանից:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) եւ գործողությունների hամակարգման կենտրոնի (OSOCC) նոր ուղեցույցերին, աշխատանքային մեթոդաբանությանը, ինչպես նաեւ իրականացնել փորձի փոխանակում տարածաշրջանի երկրների միջեւ:

ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ, դասընթացի հրահանգիչներից Ալեքսեյ Ավդեեւը նշել է, որ սա 6-րդ նմանատիպ դասընթացն է, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի հետ՝ ԱՊՀ փրկարարական ուժերի մասնակցությամբ:

«Նախկինում նման սեմինարներ կազմակերպվել են ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում: Այս տարի մասնակիցների մեծ մասը հայ փրկարարներ են, որոնք սեպտեմբերին կանցնեն INSARAG-ի միջազգային որակավորման փուլը եւ կփորձեն ապացուցել, որ պատրաստ են ոչ միայն որոնողափրկարարական գործողություններ իրականացնել բարձր մակարդակով, այլեւ` աղետի գոտում կազմակերպել եւ համակարգել միջազգային փրկարարների գործողությունները»,- ասել է Ա. Ավդեեւը:

ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենը նշել է, որ սեմինարի վերջին օրը կկայանա վարժանք, որի ընթացքում մասնակիցները կկարողանան ստուգել իրենց գիտելիքները:

«Դասընթացը հնարավորինս կնմանեցվի իրական սցենարի, չէ՞ որ մեր նպատակն է օգնել տարածաշրջանի պետություններին բարձրացնելու աղետների արձագանքման կարողությունները եւ, որպես վերջնական արդյունք` ներգրավվել մարդասիրական օգնություն ցուցաբերող միջազգային համակարգում: Ինչ վերաբերում է հայ փրկարարներին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ երկարատեւ համագործակցության արդյունքում մեծ հարգանք է ձեւավորվել նրանց նկատմամբ, եւ մեր թիմը հաջողություն է մաղթում նրանց սեպտեմբերին կայանալիք որակավորման գործընթացում»,–հավելել է Մ. Վասենը:

Դասընթացի մասնակից՝ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը նշել է, որ դասընթացը կարեւոր է, որովհետեւ դրան անմիջապես հաջորդում է որակավորման գործընթացը: Նրա խոսքով՝ սա կարելի է համարել նախապատրաստական գործընթացների բաղկացուցիչ մասերից:

OSOCC-ի հայեցակարգն առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի կողմից 2002 թ.: Համակարգող կենտրոնը ծավալվում է խոշոր տարերային աղետի գոտում (երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, ցունամի եւ այլն), եւ նպատակ ունի համակարգել միջազգային որոնողափրկարարական խմբերի եւ մարդասիրական կազմակերպությունների գործողությունները: