Բրիտանուհի Սյու Մարքհեմը խաբել է ամուսնուն՝ Ռոբերտ Մարքհեմին՝ դոգին որպես տերյեր ներկայացնելով, հաղորդում է The Mirror-ը։ Հեյնսբորոյի բնակչուհին ամուսնուն հայտնել է, թե ջեք-ռասել-տերյերի ձագ է գնել, իրականում դա դոգ է եղել։ Այժմ Մարքհեմների ընտանի կենդանին ինը տարեկան է եւ ավելի քան 95 կիլոգրամ է կշռում՝ հանդիսանալով Մեծ Բրիտանիայի ամենամեծ շներից մեկը։
Ամեն շաբաթ դոգ Յոգին, որը հայտնի է նաեւ Արջ մականունով, 37 ֆունտի սնունդ է խժռում։ Նա զբոսանքի սեփական տարածք ունի։ Շունը ձիու ծածկոց է կրում, որովհետեւ շնային բոլոր ծածկոցները հագին փոքր են։
«Ես գիտեի, որ Ռոբերտը մեծ շուն չի ուզում», — պատմել է տիկին Մարքհեմը։ Նրա խոսքով, ինքն ամուսնուն խաբել է՝ ասելով, թե դա ջեք-ռասել-տերյերի ձագ է։ Խաբեությունը բացահայտվել է, երբ Յոգին գյուղի բոլոր շներին գերազանցել է իր չափերով։ Բրիտանուհու ամուսինը խոստովանել է, որ ի վերջո ինքն էլ է սիրել դոգին, փոխանցում է Gazeta-ն։
Յոգին սեփական բազմոց ունի, որի վրա ոչ մեկին թույլ չի տալիս նստել, բացի Թոֆի անունով անտուն կատվից, որին ապաստան են տվել անցյալ ձմռանը։ «Արջն իրեն ընտանիքի անդամ է համարում», — նշել է Մարքհեմը։ «Նա նստում է իր սեփական բազմոցին, բուխարու մոտ, եւ մեզ հետ հեռուստացույց է դիտում», — ավելացրել է նա։





























