Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը բանաձեւ է ընդունել, որով նախատեսվում է աշխարհում մարմնավաճառությունը օրինականացնելու քարոզարշավ ծավալել: Այս մասին հայտնում է The Independentը:

«Մենք համաձայն ենք, որ մարդու իրավունքներին վերաբերող այս ծայրահեղ կարեւոր հարցը բավական բարդ է, եւ այդ պատճառով մենք անդրադարձել ենք այդ հարցին մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսակետից»,- մեկնաբանել է նախաձեռնությունը կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետին:

Բանաձեւը հաստատվել է Դուբլինում կազմակերպության Միջազգային խորհրդի նիստում: Ընդ որում, կազմակերպությունը նշել է, որ մարդկանց վաճառքը, մասնավորապես ինտիմ ծառայությունների համար, հանցանք է:

Մարմնավաճառության օրինականացման կողմնակիցները վստահ են, որ այն իրավական դաշտ տեղափոխելը կօգնի կանխել սեքս ծառայություններ մատուցող անձանց շահագործումը եւ կկանխի այնպիսի մահացու հիվանդություների տարածումը, ինչպիսին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն է, գրում է Informing-ը:

Միաժամանակ Amnesty International-ի այս առաջարկը մեծ թվով քննադատություն է առաջ բերել:

Մասնավորապես «Կանանց առեւտրի դեմ կոալիացիա» կազմակերպությունը նամակ է գրել Amnesty International-ին՝ հայտնելով, որ այդ նախաձեռնությունը միայն կնպաստի մարդկանց վաճառքին եւ մարմնավաճառների նկատմամբ վատ վերաբերմունքին: