Future Foundation-ի հետազոտողները 5000 բրիտանացու շրջանում հարցում են անցկացրել։ Պարզվել է, որ պատասխանողների ավելի քան մեկ երրորդը համարում է, որ ինքն ամբողջությամբ չի իրացրել իր ներուժը։ Սոցցանցերի օգտատերերի շրջանում նման կարծիք ունեցող մարդկանց թիվը նույնիսկ ավելի մեծ է (56%)։ Այդ հարցը հատկապես տղամարդկանց է մտահոգում, գրում է The Daily Mail-ը։
25-ից 34 տարեկան ամեն տղամարդը երազել է նմանվել այն կերպարին, որն ինքն իր համար ստեղծել է սոցցանցերում։ Շատերին դուր չի գալիս սեփական արտաքինը, մյուսներին էլ անհանգստացնում է կարիերան, ինչպես նաեւ այն, որ իրենք բավարար չափով երջանիկ չեն կամ էլ գրեթե ոչնչով չեն զբաղվում, փոխանցում է MedDaily-ին։
Գիտնականների խոսքով, սոցցանցերը մարդկանց ստիպում են իրենց համեմատել ուրիշների հետ։ Փոքր է հավանականությունը, թե այդ խնդիրը կվերանա մոտ ժամանակներս։ Չէ՞ որ սոցցանցերի այն սիրահարները, ովքեր ենթադրում են, թե իրենք ինչ-որ բանով ավելի վատն են, քան իրենց հասակակիցները, սկսում են շատ ժամանակ անցկացնել՝ գլուխ գովելով իրենց ձեռքբերումներով եւ մոլորեցնելով այլ օգտատերերի։ Արդյունքում արատավոր շրջան է առաջանում։
Այն երիտասարդները, որոնք սոցցանցերի առկայությամբ են մեծացել, տվյալ խնդրից ավելի շատ են տառապում, քան ավելի տարիքով օգտատերերը։ Ավելի հասուն օգտատերերը սովորաբար թերահավատորեն են վերաբերվում սոցցանցերին։ Հարցումը ցույց է տվել, որ 17-ից 33 տարեկան մասնակիցների գրեթե 63%-ն է իրեն անհաջողակ համարում, մինչդեռ 55-ից 70 տարեկան մասնակիցների շրջանում իրեն անհաջողակ է համարում միայն 37%-ը։ Բացի դրանից, իրենց կյանքից դժգոհ է մայրաքաղաքի բնակիչների 55%-ը՝ Ուէստ-Միդլենդսից (անգլիայի արեւմուտքում գտնվող կոմսություն) մասնակիցների 47%-ի համեմատ։





























