Վերջին 15 տարիներին Հայաստանում մայրական մահացությունը կտրուկ նվազել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով, Հայաստանում մայրական մահացությունը 1990-ական թվականներին կազմել է 53 դեպք 100 հազար ծնունդի դեպքում: 2000 թվականին այդ ցուցանիշը հասել է 71-ի: Այսօր մայրական առողջության պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր են ներդրվել, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը:

Գործում են արագ արձագանքման  խմբեր, կրիտիկական դեպքերի վերլուծություն է իրականացվում, որոնց արդյունքում վերջին տարիներին այդ ցուցանիշը նվազել է 18,6-ի, մինչդեռ ԱՊՀ-ում միջին ցուցնաիշը 29,3 է:

2015 թվականի 7 ամիսների ընթացքում 5 դեպք է գրանցվել: «Իհարկե, յուրաքանչյուր նման դեպք սոսկ վիճակագրություն չէ, այլ ողբերգություն, կարծում եմ մեր ողջ հասարակության համար: Աշխարհի ոչ մի երկրում չի հաջողվում այդ ցուցանիշը զրոյի հասցնել, բայց մենք պարտավոր ենք ձգտել դրան»,-նշել է նախարարը: