ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է վերականգնողական ծրագրերի զարգացման միջազգային լավագույն փորձի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Դրա շրջանակում, Արդարադատության նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-13-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նկարչուհի Վիկտորյա Լոմասկոյի կողմից կին դատապարտյալների համար անցկացվել է նկարչության վարպետաց դաս:
Վիկտորյա Լոմասկոն ՌԴ «Քրեական արդարադատության բարեփոխումների» կենտրոնի հետ համատեղ վերականգնողական եւ կրթական ծրագրեր է իրականացնում ՌԴ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում եւ անչափահասների համար նախատեսված հաստատություններում:
Վարպետաց դասի ընթացքում կին դատապարտյալները, նկարչուհու առաջարկով նկարված դիմանկարների, բնանկարների եւ նատյուրմորտի վերլուծություն են կատարել: Այն ուղղված է եղել մասնակիցների մտածողության վերաարժեւորմանը, ապրումակցման ձեւավորմանը, նկարչությունը՝ որպես անձնային վերասոցիալականացման միջոց կիրառելուն:
Վիկտորյա Լոմասկոն դասընթացի մասնակիցներին է ներկայացրել նաեւ հայտնի նկարիչների ստեղծագործություններն ու քննարկում կազմակերպել մի շարք կտավների վերաբերյալ:
Միջոցառումն առաջին քայլն էր համատեղ ծրագրի, որը նախատեսում է հետագա համագործակցություն եւ նոր ծրագրերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում:




























