Հանրահայտ երաժիշտ Էլվիս Փրեսլիի ավելի քան 170 անձնական իր կներկայացվի աճուրդում, որը տեղի կունենա նրա՝ «Գրեյսլենդ» կալվածքում՝ Մեմֆիս քաղաքի մոտակայքում (Թենեսիի նահանգ)։ Այդ մասին հաղորդել է AP տեղեկատվական գործակալությունը։

Այդ վաճառքն ամենակարեւոր միջոցառումներից մեկը կլինի Էլվիսի շաբաթվա  ընթացքում, որն ամեն տարի անցկացվում է ռոքնռոլի արքայի մահվան օրը եւ հաջորդող օրերին։  Աճուրդի տնօրեն Լորա Պիկետի խոսքով, Փրեսլիի բոլոր անձնական իրերը, որոնք կներկայացվեն աճուրդին, կոլեկցիոներների են պատկանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աճուրդի լոտերի մեջ ներառված է Էլվիսի հանրահայտ սպիտակ կոստյումը, որով նա հանդես էր գալիս Լաս Վեգաս քաղաքի բեմերին (Նեւադայի նահանգ), ադամանդներով ոսկե կախազարդը, որը ռոքնռոլի արքան մի ժամանակ նվիրել էր ամերիկացի հայտնի երգիչ Սեմի Դեվիս կրտսերին։ Ինչպես հաղորդում է AP-ը, լոտերի վերաբերյալ  գումարի առաջարկներն ընդունվել են առցանց եղանակով մի քանի շաբաթվա ընթացքում, եւ դրանք բոլորը կբացվեն աճուրդի ժամանակ։

Էլվիս Փրեսլին մահացել է 1977-ի օգոստոսի 16-ին՝ 42 տարեկան հասակում։ Նրա մահն իսկական ցնցում էր ամբողջ աշխարհում նրա երկրպագուների համար։