Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները շարունակում են հարգվել Հայաստանում։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 13-ի նիստին հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ազգային փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի պահանջների կատարման վերաբերյալ չորրորդ ազգային զեկույցը։
Ազգային փոքրամասնությունների լեզուներով Հայաստանում տպագիր գրականություն է հրատարակվում․ մասնավորապես, 2006-ին հրատարակվել է Ամին Ավդալի հեղինակած գիրքը եզդիների հավատալիքների մասին, 2008-ին՝ Հաջիե Ջնդիի 100-ամյակին նվիրված գիրք, իսկ 2014-ին լույս է տեսել Հայաստանի եզդի գրողների յոթերորդ ժողովածուն։ 2009-2010 թթ-ին հրեական համայնքը հրատարակել է «Հրեաները Հայաստանում» գիրքը, իսկ գերմանականը 2013-ին հրատարակել է Վուխրերի «Ռուսական գերմանացիների մասին» գիրքը։ Հրատարակվել է Հակոբյանի «Դասական ասորերեն» աշխատությունը, որն իրե տեսակի մեջ առաջին դասագիրքն է Հայաստանում։
Հայաստանի Հանրային ռադիոն ամեն օր 30 րոպեանոց քրդերեն եւ եզդիերեն թողարկումներ ունի եւ 15 րոպե տեւողությամբ թողարկումներ՝ ասորերեն ու հունարեն։ Ռուսերեն թողարկումը 10 րոպե է տևում։
Կառավարությունը բուհերում արտամրցութային տեղեր կհատկացնի համայնքների այն ներկայացուցիչներին, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրել իրենց լեզուն եւ մշակույթը։




























