Կալիֆորնիական Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը 22 բժիշկներից կազմված խումբ կբերի Հայաստան՝ գյուղական համայնքներում բուժօգնություն ցուցաբերելու եւ հանրապետության բուժաշխատողներին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթացնելու նպատակով սիմպոզիում անցկացնելու համար: Նախաձեռնությունը ծրագրվում է իրականացնել հոկտեմբերի 4-15-ին:
Ըստ «The Fresno Bee»-ի, Աբգարյանը չորեքշաբթի հանդիպել է բժիշկներին՝ առաքելության շուրջ մի քանի հարցեր քննարկելու նպատակով: Խումբն իր հետ Հայաստան դեղորայք եւ սարքավորումներ կբերի:
Առաջին 9 օրերին բժիշկները բժշկական եւ ստոմատոլոգիական օգնություն կցուցաբերեն փոքր բնակավայրերի բնակիչներին, իսկ վերջին 3 օրերին անվճար դասընթացներ կանցկացնեն հայ մասնագետների համար՝ Հայաստանում տարածված հիվանդությունների, օրինակ՝ հեպատիտի եւ դիաբետի բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ:





























