Նովոսիբիրսկի պետական համալսարանի եւ ԳԱԱ Սիբիրի բաժանմունքի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականներն Ալթայան մարզի Ստրաշնայա քարանձավի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են 35–50 հազար տարի առաջ ապրած մարդկանց ոսկորներ, հաղորդում է Նովոսիբիրսկի պետական համալսարանի կայքը։
Եթե հայտնաբերված ոսկորների մեջ օրգանական նյութ պահպանված լինի, դա հնարավորություն կտա գենետիկական անալիզ անցկացնելու եւ որոշելու, թե ոսկորներն ում են պատկանել։ Մինչ այդ, 1989 թվին քարանձավում արդեն հայտնաբերվել էին մարդկային մնացորդներ (ժամանակակից տիպի մարդկային ատամներ), որոնք սակայն կապված էին վերին պալեոլիթի ավելի ուշ շրջանի հետ՝ գրեթե 20 հազար տարի առաջվա։ Հնագետների հայտնաբերած ոսկորները հնարավորություն կտան լույս սփռել Ալթայի տարածքում ժամանակակից մարդու, նեանդերթալցու եւ դենիսյան ժամանակաշրջանի մարդու փոխազդեցության վրա, հաղորդում են գիտնականները։





























