Երևանի 125-րդ դպրոցը, որն ընդգրկված է ներառական կրթության համակարգում, հրաժարվել է 7-ամյա Արեգին դպրոց ընդունել: Արեգը  մանկական ուղեղային կաթված ունի, սակայն ըստ Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի  եզրակացության` նա կարող է սովորել հանրակրթական դպրոցի ներառական ծրագրում, իսկ այս դպրոցում իրականացվում է ներառական կրթություն: Արեգի մոր՝ Ալլա Գևորգյանի խոսքով` դպրոցում իրենց հրավիրել են մի դասասենյակ, որտեղ մոտ տասնհինգ մանկավարժ է եղել, սակայն Արեգի հնարավորություններն ստուգելու համար երեխային որևէ հարց չեն տվել: Երեխայի մորը մանկավարժներից մեկը հարցրել է, թե արդյոք Արեգը կարող է ինքնասպասարկվել, օրինակ` գրիչ բռնել, և երբ մայրը պատասխանել է, որ երեխան բավականին խելացի է, կարող է բանավոր կերպով հարցերին պատասխանել, սակայն շարժողական խնդիրներ ունի, մանկավարժն էլ ասել է` Արեգը չի կարող ինտեգրվել մյուս երեխաների հետ:

Հետո Արեգին և մորը հրավիրել են տնօրենի աշխատասենյակ. «Տնօրենն ասաց, որ Արեգի նման բարդ երեխաների հետ աշխատելու փորձ իրենց մասնագետները չունեն»,- ասաց Ալլա Գևորգյանը: Մայրը նաև նշեց, որ այդ պահին երեխան եղել է նույն սենյակում և լսել է իր և տնօրենի խոսակցությունը: Հետո տնօրենն առաջարկել է երեխային տանել հատուկ դպրոց` խոստանալով, որ կմիջնորդի, որ երեխային ընդունեն, սակայն մայրը հրաժարվել է` վկայակոչելովԲժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի եզրակացությանը, ըստ որի` երեխան պատրաստ է ներառական ուսուցման ծրագրով հանրակրթական դպրոցում սովորելու համար, և որ 125-րդ դպրոցն իրականացվում է ներառական կրթություն: Խոսակցության ընթացքում մոր ու տնօրենի միջև վեճ է սկսվել, որի պատճառով երեխան վախեցել,  լարվել է։

Ալլան հեռացել է դպրոցից` որոշելով որևէ դեպքում երեխային այս դպրոց ուսման չտալ:

«Հասկանալով, որ տնօրենը, լինելով ներառական ծրագրով աշխատող դպրոցի տնօրեն, գաղափար չունի ներառական կրթության մասին, ես արդեն ինքս չեմ ուզում, որ երեխաս ինքը հաճախի այդ դպրոցը: Ես պարզապես ուզում եմ ասել, որ Արեգին ոչ մի մասնագետ չի հարցաքննել 125 դպրոցում, նրան ոչ մի հարց չի ուղղվել, որ ստուգեն երեխայի գիտելիքները»,– ասաց Ալլան։

Մի քանի օր անց թիվ 136 դպրոցից Ալլային զանգահարել են եւ ասել, որ իրենք պատրաստ են ընդունելու Արեգին:  Այժմ մայրն ու Արեգը պատրաստվում են սեպտեմբերի 1-ին:

Ալլայի խոսքով` ինքն այս հարցը բարձրացնում է նրա համար, որ մյուս ծնողները, որոնց սահմանափակ կարողություններով երեխաները հանդիպում են նման վերաբերմունքի, չհամակերպվեն եւ չխորտակեն իրենց երեխաների ապագան։