Մարզական լրագրող Ռասիմ Ալիեւը բարձր գին վճարեց իր մասնագիտական գործունեության համար, սակայն գործընկերներն ասում են՝ ֆուտբոլի հետ կապված սպանության վարկածը, հնարավոր է, սխալ հետքով է տանում: Այս մասին գրել է բրիտանական «The Independent» պարբերականի գլխավոր մարզական մեկնաբան Յան Հերբերտը՝ սպանությունը ցնցող անվանելով:

«Այս ամենում ինչ-որ կեղծ բան եմ տեսնում»,- Հերբերտին ասել է լրագրող Էմին Միլլին: Նա եւ մյուսները մատնանշում են նախկինում Ռասիմ Ալիեւի դեմ կիրառված բռնությունն ու սպառնալիքները, ինչը տեղավորվում է Ադրբեջանում վախի մթնոլորտի տրամաբանության մեջ:

«Ռասիմ Ալիեւն աշխատում էր Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտում, Ադրբեջանում լրատվամիջոցների մոնիթորինգի խմբում: Նա դրա նախագահը դարձավ, երբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն արգելեց կազմակերպության գործունեությունը, սառեցրեց բանկային հաշիվները եւ սկսեց հետապնդել դրա հիմնադիր եւ տնօրեն Էմին Հուսեյնովին, որն ապաստան գտավ Շվեյցարիայի դեսպանատանն ու գաղտնի փոխադրվել այնտեղ: Ռասիմ Ալիեւը ասում էր, որ սպառնալիքներ է ստացել ոստիկանության դաժանությունները ցուցադրող լուսանկարների հրապարակումից հետո: Բռնատիրական ռեժիմին մարտահրավեր նետող լրագրողների՝ կասկածելի հանգամանքներում մահվան օրինաչափություն կա»,- ասված է հոդվածում:

Բրիտանացի լրագրողի խոսքով, Ադրբեջանն այն երկիրն է, որն անցյալ հինգշաբթի շատ հանգիստ ազատազրկման դատապարտեց Լեյլա Յունուսին, որը փաստաթղթավորում էր Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ իշխանությունների վերաբերմունքի դեպքերն ու կոչ էր անում բոյկոտել Եվրոպական խաղերը: «Նրա ամուսինը՝ պատմաբան եւ քաղաքական գործիչ Արիֆ Յունուսը, ազատազրկվեց 7 տարի ժամկետով՝ դատապարտվելով, ինչպես եւ կինը, «խարդախության» եւ նրանց ՀԿ-ի աշխատանքի հետ կապված այլ հանցագործությունների համար»,- նշել է Հերբերտը:

«Եվրոպական խաղերը միջազգային հանրությանը հնարավորություն ընձեռեցին դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Բայց դա չարվեց: Տեսախցիկները հավաքվեցին, քարավանն առաջ շարժվեց, եւ իրենց կարծիքն ազատորեն արտահայտողների քրեականացումը նախկինի պես շարունակվում է»,- «The Independent»-ի լրագրողին ասել է «Amnesty International»-ի ներկայացուցիչ Նաոմի Ուեսթլենդը: