Հայաստանը մեծամասամբ կին բնակչությամբ երկրների թվում է: Այս մասին գրում է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով նոր հետազոտության արդյունքները:
Պարբերականը նշում է, որ աշխարհում, ընդհանուր առմամբ, տղամարդկանց թիվը կանանցից քիչ ավելին է: ՄԱԿ-ի 2015 թվականի գնահատականների համաձայն, յուրաքանչյուր 100 կնոջը 101.8 տղամարդ է բաժին ընկնում, եւ 1960 թվականից ի վեր տղամարդկանց թիվն անընդհատ աճում է:
Սակայն ՄԱԿ-ի վերջին տվյալների հիման վրա Պյուի հետազոտական կենտրոնի կազմած քարտեզը ցույց է տալիս, որ կանայք եւ տղամարդիկ անհավասարաչափ են տեղաբաշխված աշխարհում:
Նախկին Խորհրդային միության երկրներում, օրինակ, կանայք թվով գերազանցում են տղամարդկանց: Իսկ Ասիայի, արաբական եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ընդհակառակը, տղամարդիկ կանանցից ավելին են:
Լատվիան, Լիտվան, Էստոնիան Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը եւ Ուկրաինան առավելապես կին բնակչությամբ երկրներ են:
Բացի այդ, այս երկրները նաեւ տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողությամբ տարբերության ցուցանիշով գլխավորում են համաշխարհային վիճակագրությունը:





























