Օգոստոսի 21-ին «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նախարարը նշեց, որ նման միջոցառումներում են երիտասարդները համատեղ պայմանավորվում, թե ինչպես են բոլոր ջանքերը կենտրոնացնելու Հայաստանի ապագան կերտելու համար։ Նա նաեւ ընդգծեց, որ մեր ապագան երիտասարդների ձեռքում է։ «Ես խոսում եմ ամենամեծ երիտասարդական կազմակերպության անունից, որտեղ բոլորը երիտասարդ են եւ մեր ժողովրդի խաղաղ արարումն են ապահովում»,- ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ իր սերնդակիցները, որոնք կանգնած են եղել հայ ժողովրդի  նորագույն պատմության եւ երկու հայկական պետությունների կերտման ակունքներում, կարողացել են ծանրագույն պայմաններում ապահովել ՀՀ եւ Արցախի պաշտպանությունը, ստեղծել խաղաղության ապահովման երկարատեւ պայմաններ, անվտանգության գոտիներ, ամրապնդել սամանները։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այսօրվա երիտասարդ սերունդն ավելի գրագետ եւ բանիմաց կերպով է ապահովելու մեր զարգացումն ու ապագան, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ավելի անձնուրաց է իրականացնելու պաշտպանությունը։

Նախարարը խոսեց նաեւ բանակի առօրյայի մասին՝ նշելով, որ բանակն իր առօրյան կազմակերպում է առանձնահատուկ պայմաններում՝ իրականացնելով նաեւ սահմանային ծառայություն, քանի որ մեր հարեւանների հետ խնդիրները դեռեւս մինչեւ վերջ ճշգրտված չեն։

Պաշտպանության նախարարը նկատեց, որ հայկական բանակի կարեւորագույն ուղղություններից մեկը ռազմական կարողությունների ավելացումն է։ Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում օրըստօրե ձեռք ենք բերում ժամանակակից, համատեղելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, որոնք ավելի ճշգրիտ են, հեռահար եւ ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի մեջ զսպման մեխանիզմների հիմք են կազմում։

Նախարարը խոսեց նաեւ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նպատակ է դրվել, որպեսզի յուրաքանչյուր զինվոր, պատասխանատվությունց բացի, իմանա նաեւ իր իրավունքները. «Ի վերջո իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում ձեւավորվում են համապատասխան կարողություններ, որոնք ասպետական հատկանիշներ են։ Զինված ուժերում արժանապատվության բարձր հատկանիշների պահպանումը կարեւոր ուղղություն է։ Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարեւոր տարրին՝ արժանապատվությանը։ Ես միշտ ասում եմ մեր ենթանականերին՝ բանակում ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի ոտնահարել ոչ մեկի՝ ամենավերջում կանգնած զինվորի արժանապատվությունը»։

Անդրադառնալով միջազգային հարաբերություններին՝ նախարարը նշեց, որ մենք փոխգործունակ ենք, տարբեր տիպի զորավարժությունները ցույց են տալիս, որ հայկական բանակը տեղում չի դոփում, զարգանում է, տարածաշրջանում մրցունակ ենք, ավելին, միակ պետությունն ենք, որ նաեւ հաղթանակներ է ունեցել։