Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում անվտանգության եւ պաշտպանության հարցերը երաշխավորված են: Այս մասին օգոստոսի 21-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը հավելեց, որ երաշխավորված է նաեւ հրամանատարության եւ կառավարման այն ուղղահայացը, որը պետք է փոխարինի ներկայում գոյություն ունեցողին եւ ապահովի լիարժեք կառավարումը:
«Մենք, իհարկե, անմիջական մասնակցություն ենք ունենում սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ պաշտպանության եւ անվտանգության մասով: Մենք աշխատում ենք, առաջարկություններ եւ փոփոխություններ ներկայացնում: Նշեմ, որ բանակն այն համակարգերից է, որտեղ ինչպես կառավարման, այնպես էլ տարբեր կառույցների հետ համագործակցության մշակույթ եւ համակարգ կա»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ կառավարման նոր ձեւաչափի պայմաններում բանակն ավելի ամուր կլինի:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, եւ այն ներկայացնել Հանրապետության նախագահին: Օգոստոսի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հաջորդ շաբաթվանից նախագահը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել: Նախագահը նաեւ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել երկխոսությունը Վենետիկի հանձնաժողովի հետ՝ վերջինի նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռեւս փոխհամաձայնեցված լուծումներ չկան:





























