Ադրբեջանում ռուսական ռազմաբազայի կառուցման մասին տեղեկությունն արդեն հերքվել է: Այս մասին օգոստոսի 21-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, արդյո՞ք ենթադրյալ ռազմաբազան չի սպառնա Հայաստանի անվտանգությանը:
«Մեր ունեցած տեղեկություններով, այդպիսի բան չկա»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ haqqin.az-ը, վկայակոչելով «Զվեզդա» հեռուստաալիքին, հաղորդել էր, որ Ադրբերանում ռուսական ռազմաբազա է բացվելու: Տեղեկատվության համաձայն, 2017 թվականին Ադրբեջանում սկսվելու է «Վորոնեժ» ռադիոտեղերոշիչ կայանի կառուցումը։ «Վորոնեժ» տիպի կայանները նախատեսված են բալիստիկ եւ թեւավոր հրթիռների, աէրոդինամիկ այլ օբյեկտների հայտնաբերման համար։





























