Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի քրեական դատարանը երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման հոգեւոր առաջնորդ Մուհամեդ Բադիային դատապարտել է ցմահ բանտարկության՝ 2013 թվականին Պորտ Սաիդի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման գործով: Սա Բադիայի արդեն վեցերորդ ցմահ բանտարկությունն է: Նրան նաեւ երկու անգամ դատապարտել են մահապատժի:

Բադիայի հետ միասին, այս գործով ցմահ բանտարկության են դատապարտվել նաեւ շարժման մյուս առաջնորդները՝ Մուհամեդ ալ-Բելթագին ու Սաֆվաթ Հիգյազին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:

Ցմահ բանտարկություններից մեկը Բադիան ստացել է հունիսին, օտար պետության օգտին լրտեսելու գործով, որի շրջանակում ցմահ բանտարկության էր դատապարտվել նաեւ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին: