Հայաստանի Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող «Ո՛չ թալանին» եւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը ոստիկանությանը մինչեւ օգոստոսի 28-ը ժամանակ տվեց ծառայողական քննությունը ավարտելու համար: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
«Մենք ոստիկանությանը մինչեւ ուրբաթ ժամանակ ենք տալիս: Եթե ծառայողական քննությունը չավարտեն, կրկին բողոքի ակցիա կանցկացնենք, սակայն չենք ասի` երբ եւ որտեղ: Նաեւ պահանջում ենք, որպեսզի ոստիկանությունը երկուշաբթի տեսանյութ հրապարակի, որտեղ Արթուր Վարդգեսյանը ներողություն խնդրի Հակոբ Նազարի-Դեխնավիից»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Բողոքի ակցիան այսպիսով ավարտվեց:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ պահանջում էին, որպեսզի Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած նախկին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը գա եւ հրապարակային ներողություն խնդրի: Նրանք նաեւ պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել ոստիկանության ծառայողին, ինչպես նաեւ փոխհատուցել ապտակից հետո վնասված լսողական սարքի արժեքը, որը, ըստ Հակոբ Նազարի-Դեխնավիի, 1000 դոլար արժե:
Լուսանկարները ՝ Արսեն Սարգսյան/NEWS.am





























