Քրդերը Թուրքիայի 11 մաքսային հսկիչի եւ նրանց վարորդին են առեւանգել: Այդ մասին հաղորդել են թուրք զինվորականները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առեւանգումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Իրանի հետ սահմանային Կապիկոյ անցակետում: Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ զինյալներին կոչել են «անջատողական ահաբեկչական կազմակերպություն», սակայն Սինհուա գործակալությունը հաղորդում է, որ խոսքը Քուրդիստանի բանվորական կուսակցության մասին է:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին, մաքսային ծառայության մեկ աշխատակցուհի եւ վարորդը ազատ են արձակվել:
Կիրակի օրը ՔԲԿ-ի զինյալները հարձակում են կատարել նաեւ թուրք զինվորականների վրա, որոնք ապահովում են Դիարբեքիր նահանգի հարավ-արեւելքում գտնվող Քուլպ շրջանի Փանեկ գյուղում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության անվտանգությունը: Հարձակման հետևանքով մեկ զինվորական է զոհվել, երեքը վնասվածք են ստացել:





























