Համբուրգի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի միջազգային դատարանը, որը քննում էր Հնդկաստանում երկու ձկնորսի սպանության մեջ մեղադրվող իտալացի ծովային հետեւակայինների գործը, չի բավարարել Հռոմի հայցը, որը պահանջում էր ծովայիններին սեփական երկրի տարածքում գտնվելու իրավունք տալ:

Միաժամանակ, դատարանը վճռել է, որ երկու ծովային հետեւակայինների ճակատագիրը պետք է որոշի միջազգային դատարանը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Լատորեի եւ Ջիրոնեի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 15-ին, Արաբական ծովում: Իտալական Enrica Lexie նավի անձնակազմը հնդկական ձկնորսական նավը ծովահենների նավ է կարծել: Զինվորականները կրակ են բացել, ինչի արդյունքում երկու հնդիկ ձկնորս է զոհվել: Լատորեն եւ Ջիրոնեն ձերբակալվել են:  

Այս տարվա հունվարին Լատորեն հնդկական դատական իշխանություններից Իտալիա մեկնելու թույլտվություն էր ստացել՝ սրտի վիրահատություն կատարելու համար, սակայն մինչեւ հուլիսի 15-ը պետք է վերադառնար Հնդկաստան: Ջինորեն Դելիում Իտալիայի դեսպանությունում է:

ՄԱԿ-ի դատարանը նաեւ որոշել է, որ մինչ միջազգային դատարանի վճիռը «Իտալիան եւ Հնդկաստանը պետք է դադարեցնեն ցանկացած ընթացիկ դատական գործընթաց եւ չձեռնարկեն նոր գործողություններ, որոնք կարող են խորացնել կոնֆլիկտը»: