Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոխել է կաթոլիկների ամուսնալուծության կարգը` ընթացակարգը դարձնելով ավելի արագ ու էժան, հաղորդում է Associated Press–ը։
Նոր կարգը աշխարհի ամենաաղքատ երկրների կաթոլիկներին թույլ կտա խնայել ամուսնալուծության վրա ծախսվող գումարը։ Հին ընթացակարգով ամուսնալուծվելու համար կարող էր պահանջվել մինչեւ մի քանի տարի եւ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր դոլարի ծախս, նոր կարգով` 45 օր։ Հռոմի պապը եկեղեցուն կոչ է արել ընդհանրապես հրաժարվել ամուսնալուծության համար գումար գանձելուց։
Հավատացյալներին նաեւ ամուսնալուծության արագացված կարգի հնարավորություն է տրվել, որի մասին որոշում կարող է կայացնել եպիսկոպոսը, եթե ամուսինները երկուսն էլ տվել են իրենց համաձայնությունը։ Արագացված կարգով ամուսնալուծության որոշում եպիսկոպոսները կայացնելու են այն դեպքում, եթե ֆինանսների բացակայության կամ այլ պատճառով հնարավոր չէ կազմել երեք դատավորներից բաղկացած ատյան, ինչը սահմանված էր նախկին կարգով։
Հռոմի պապի խոսքով` այս որոշման նպատակն է օգնել հավատացյալներին հասնել արդարության եւ փրկել նրանց հոգիները։





























