Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արեւելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: Այդ մասին Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սեւեռված է Մերձավոր Արեւելքում եւ դրա շուրջ հակամարտությունների, ճգնաժամերի, ահաբեկչական ցանցերի տարածման եւ նրանց պատճառած ավերածությունների վրա: Ուկրաինական ճգնաժամը, անկայունությունը երկրագնդի շատ այլ հատվածներում ցույց են տալիս, որ աշխարհն անցնում է ցնցումների միջով: Երեկ, երբ ես Փարիզից Լոնդոն էի գալիս, Եվրոսթար գնացքը հարկադրված էր շուրջ երկու ժամ կանգ առնել՝ կապված փախստականների հետ առնչվող իրավիճակի հետ: Այն, ինչ կատարվում է հազարավոր մղոններ հեռու, թակում է Եվրոպայի դռները: Մենք այլեւս չենք կարող խոսել մեկուսացված խնդիրների մասին: Հակամարտությունների եւ ավերիչ պատերազմների վաղ ահազանգումը եւ կանխարգելումը պետք է մշտապես առաջնայնություն լինեն ոչ միայն նրանց համար, ում դրանք անմիջականորեն առնչվում են, այլ նաեւ ողջ միջազգային հանրության համար»,- նշել է Նալբանդյանը:

Ըստ ԱԳ նախարարի, հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է Մերձավոր Արեւելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը: «Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մեր բարոյական պարտքն է կանգնել նրանց կողքին։

Այս բռնություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ: Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր եւս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում»:

«Պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են հայտարարել այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ: Պատմության եւ հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի եւ կրոնի նկատմամբ: Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների կողմից քարոզվող այլատյացության եւ խտրականության գաղափարախոսություններին: Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են:

Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը` թույլ չտալ հարեւան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլեւ՝ հանցակցության համար, եւ այս իրողությունը երբեւէ չպետք է մոռանան նրանք, ովքեր փորձում են ժխտել եւ արդարացումներ փնտրել անցյալի ոճրագործությունների համար եւ խրախուսում են ներկայիս բռնությունները:

Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման միջոցառումները հսկայական միջազգային ուշադրության արժանացան: Այստեղ՝ Բրիտանիայում եւս, առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը:

1929թ. Ուինսթոն Չերչիլը հայկական կոտորածները բնորոշել է որպես «հոլոքոստ» եւ հավելել. «այս հանցագործությունը պլանավորվել եւ իրականացվել է քաղաքական դրդապատճառներով: Ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»: Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր 1915թ. զեկույցը վերնագրել էր՝ «Ազգի սպանությունը» եւ այն անվանել «հայկական ռասայի կազմակերպված ոչնչացում»:

Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արեւելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: 1915թ. հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականցվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ եւ հնագույն քաղաքակրթությունների հետքերը: 1894-96թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը եւ անպատժելիությունը հանգեցրին 1915թ. Ցեղասպանությանը: 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»: Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների եւ կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով:

Մենք` հայերս, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրածներ, բարոյական պատասխանատվություն ենք զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում: Մենք ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում եւ վճռական ենք տրամադրված` մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում»,- նշել է Նալբանդյանը: