Ֆրանսիայի Վիլյորբանի քաղաքապետ, նախկին պատգամավոր Ժան-Պոլ Բրետը, Սարսելի քաղաքապետ, պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնին /Սոցիալիստական Կուսակցություն/ եւ Hauts-de-Seine շրջանի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենը /Սոցիալիստական Կուսակցություն/ La Tribune պարբերականում հոդված են հրապարակել Լեռնային Ղարաբաղ այցից հետո:
«Անդամակցելով Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին՝ մենք բազմաթիվ ֆրանսիացի քաղաքական գործիչներս՝ պատգամավորներս, սենատորներս, տեղական ընտրյալներս, սատարում ենք երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումը: Եվրոպայում ճգնաժամի սրացման պայմաններում մեզ թվում է, որ եկել է պահը՝ բացատրելու մեր կողմից այս պարտավորվածության ստանձնման պատճառները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի 150 000 բնակիչ եւ Ֆրանսիայի երկու դեպարտամենտի հավասարաչափ տարածք. այն գտնվում է Հարավային Կովկասում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ: Ինքնորոշված այս երկիրը, որ դեռեւս չի հասել միջազգային ճանաչման փուլին, որպես այդպիսին ռազմավարական շահ չի ներկայացնում Ֆրանսիայի համար: Այն ներկայացնում է ավելին, քանի որ որպես իր զարգացման մոդել է ընտրել Ֆրանսիան:
Մեր երկիրն այնպես է կառուցվել, որ հնարավորություն ընձեռնի բոլոր մեր քաղաքացիներին օգտվել երկրի բարգավաճման արդյունքներից, տնտեսական այնպիսի մի համակարգ է կյանքի կոչվել, որը համատեղում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունը եւ սոցիալական առաջընթացը՝ մեր հասարակության միասնականությունը պահպանելու նպատակով:
Ամենուր եւ այսօր մինչեւ իսկ Եվրոպայում կարող ենք տեսնել, թե հասարակությանն ինչ վնաս կարող են հասցնել անհավասարակշիռ եւ քաղաքացիների նկատմամբ անարդար սոցիալական զարգացման մոդելները: Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղը, քանի որ այս երկրում պահանջվող համեստ ներդրումների համեմատ սոցիալական ժողովրդավարության արդյուքները անչափ մեծ են: Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրա իշխանությունները ձգտում են, եւ մինչեւ հիմա հաջողել են, զարգացնել երկիրը չափավոր, հաստատուն եւ հատկապես բոլորին հասանելի տնտեսական աճի հիման վրա: Սա է այն առողջ հիմքը, որ մյուսների նկատմամբ եղբայրաբար տրամադրված ազգը երբեք չպետք է զոհաբերի անկանոն ցնորքների խորանին:
Բնակչություն, որը օգուտ է քաղում տնտեսական աճից
Արդեն 10 տարի Լեռնային Ղարաբաղում տարեկան տնտեսական աճը կազմում է 10 տոկոս: Այսոր արդեն իսկ երկրում բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3000 եվրո, ինչը մոտ է Մարոկոյի ցուցանիշին: Խոսքը վերաբերում է կայուն բայց ոչ վայրի տնտեսական աճի, քանի որ պետությունը պահպանել է կարգավորման եւ ծրագրավորման իր դերը: Երկրի վերակառուցումը, որի վրա կենտրոնացվել է տնտեսական գործունեության մեծ մասը, երբեք չի իրականացվել պարենային ինքնապահովման եւ հետեւաբար բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող գյուղատնտեսության ոլորտի հաշվին: Ավելին, ռազմավար պետությունը խրախուսում է ծառայությունների ոլորտի եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ապագայում երկրին թույլ կտան դուրս գալ մեկուսացումից:
Պատասխանատու այս քաղաքականության արդյունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է զբաղվածության նախանձելի մակարդակ՝ 65 000 աշխատող, 5 տոկոսից ցածր գործազրկություն եւ բնակչության շարժի դրական արդյունք: Բացի այդ, իրար հաջորդող կառավարությունների վարած սոցիալական արդարություն ապահովելու քաղաքականության արդյուքնում երկրի բնակիչների միջին եկամուտը համեմատելի է հարեւան Հայաստանի եւ առավել հարուստ սակայն երկրի հարստության վերաբաշխման շատ ավելի վատ աշխատող համակարգ ունեցող Ադրբեջանի ցուցանիշների հետ: Եվ լավ ապագայի հեռանկարով՝ սոցիալապես խաղաղ այս պետությունը տարեց տարի նվազեցնում է իր արտաքին պարտքը եւ այլեւս նախկինի չափ կախված չէ Հայաստանի օգնությունից:
Բազմապատկել համայնքային զարգացումը՝ նպաստելով ժողովրդավարության ամրապնդմանը
Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղին բռնելու կամքը՝ նույնիսկ վերջինիս համար խոչընդոտ հանդիսացող դեռեւս միջազգային ճանաչման բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է մեզ, ապա այս ընտրությունը մեզ հոգեհարազատ է - Սարսելի ինչպես եւ Վեիլյորբանի՝ ղարաբաղյան համայնքների հետ ստորագրած Բարեկամության հռչակագրերը մեր այդ աջակցության խորհրդանիշն են՝ տեղական ժողովրդավարության մակարդակով, ինչը Լեռնային Ղարաբաղում ինչպես եւ այլ ազատ հասարակություններում՝ կարեւոր դեր է խաղում ժողովրդվարության ամրապնդման համար:
Տտնտեսական եւ սոցիալական փոխգործակցության միջոց դիտարկվող բարեկամության այս հռչակագրերով մենք համադրում ենք մեր ձեռնարկությունների տեղական զարգացումը Լեռնային Ղարաբաղի համայնքներում առկա կարիքների հետ: Այս հեռանկարը մեզ առավել մատչելի է, քանի որ արդեն իսկ ֆրանսասեր Լեռնային Ղարաբաղը ֆրանսախոսության զարգացման քաղաքականություն է վարում:
Աշխարհում առկա անկանոն զարգացման պայմաններում տեղական մակարդակի հարաբերությունների ստեղծումով է, որ բացվելու են մտահորիզոնները եւ ազգերն իրար են մերձենալու: Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը օրինակելի եւ հուսադրող է»:




























