Ամերիկյան միլիարդատեր եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը NBC հեռուստաընկերությունից գնել է «Միսս Տիեզերք» մրցույթի երկրորդ մասնաբաժինը եւ հարթել դրա հետ կապված դատական բոլոր քաշքշուքները: Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ում:

«Հենց նոր NBC-ից ձեռք բերեցի «Միսս Տիեզերք» մրցույթի մյուս կեսը եւ կարգավորեցի վիճելի պահերը: Հիմա ես մրցույթի 100% սեփականատերն եմ»,- գրել է քաղաքականա գործիչը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ NBC Universal հեռուստաընկերությունը որոշել է խզել Թրամփի հետ գործնական կապերն այն բանից հետո, երբ հեռուստատեսային հարցազրույցներից մեկում ամերիկացի միլիարդատերը մեքսիկական ներգաղթյալներին «բռնաբարող» էր անվանել եւ ընտրություններում հաղթանակի դեպքում խոստացել «մեծ պատ կառուցել» Մեքսիկայի հետ սահմանին: