ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը հավանության արժանացնելու մասին բանաձեւին: 269 կոնգրեսական դեմ է քվեարկել փաստաթղթին, 162-ը՝ կողմ:
Դրանից անմիջապես հետո քվեարկության է դրվել մի օրինագիծ, որը մինչեւ 2017 թվականի հունվարի 21-ը սահմանափակում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները մեղմացնելու՝ նախագահի իրավասությունները: Այս փաստաթուղթն ընդունվել է 247 կողմ ձայնով, դեմ է քվեարկել 186 կոնգրեսական:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ընդունված որոշումներն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունեն, քանի որ ավելի վաղ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, դեմոկրատներն արգելափակել էին Իրանի հետ գործարքը հավանության չարժանացնելու մասին բանաձեւի ընդունումը: Չնայած անհաջողությանը, հանրապետականները մտադիր են այդ հարցին անդրադառնալ հաջորդ շաբաթ: Սպասվում է, որ հարցի շուրջ բանավեճերը կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 17-ը:





























