Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի զինակազմում իրենց թվաքանակով երրորդը նախկին ԽՍՀՄ-ի տարածքից` Ղազախստանից, Թուրքմենիայից եւ Ուզբեկստանից եկածներն են: Իրոք հնարավո՞ր է խոսել այդ երկրներում ջիհադիզմի նոր երեւույթի մասին, թե՞ դա  ընդամենը նոր առասպել է, որն ավտորիտար վարչակարգերին թույլ է տալիս անվերջ հետաձգել քաղաքական բարեփոխումները, իսկ Ռուսաստանին` ամրապնդել իր դիրքերը նրանց տարածքում, ինքն իրեն հարց է տալիս Libération-ը:

Տարբեր գնահատականների համաձայն, Սիրիայում եւ Իրաքում միջինասիական երկրներից 2000-ից 4000  մարդ է կռվում: «Դժվար է նկարել հետխորհրդային գրոհայինի տիպական պատկերը: Այնուամենայնիվ, հայտնի է, որ Միջին Ասիայից առաջինները, որ միացել էին ջիհադին, երիտասարդներ էին, որոնք արաբական աշխարհի երկրներում իսլամական աստվածաբանություն էին ուսումնասիրել, նշում են հոդվածի հեղինակները:   Սակայն միջինասիական գրոհայինների հավաքագրման հիմնական հարթակը Ռուսաստանում է, որտեղ Միջին Ասիայից դուրս եկած միլիոնավոր մարդիկ են գալիս սուղ եկամուտ փնտրելու, որը, այնուամենայնիվ, ավելի բարձր է, քան իրենց հայրենիքում:  Տնից հեռու, լուսանցքայինի վիճակում հայտնվելով, հասարակությունից մերժված, երիտասարդ միջինասիացիներն ավելի ընկալունակ են դառնում ջիհադիստների քարոզչության հանդեպ»: Գրոհայինների եւս մի տեսակ են Աֆղանստանի վետերանները, որոնք հիասթափվել են թալիբներից եւ տարվել են «խալիֆաթի» իլիպյան գաղափարով, գրում է Inopressa-ն:

«Գրոհայինների մոտիվա՞ցիան: Միջիասիացիների դեպքում դա նույնքան անհասկանալի է, որքան երիտասարդ ֆրանսիացիների: ԻԼԻՊ-ի   «Խալիֆաթը» հաղթում է Արեւմուտքի եւ իսլամին թշնամական համարվող վարչակարգերի դեմ ճակատամարտերում:   Այն իսլամական կարգ է առաջարկում, որը ենթարկվում է Աստծու օրենքին եւ հատկապես գրավիչ է ավտորիտարիզմից, ամենաթողությունից եւ իրենց երկրներում բարիքների վերաբաշխման բացակայությունից հիասթափված ջիհադիստների համար: Հետո էլ Սիրիա հասնելն ավելի հեշտ ու էժան է, քան Աֆղանստան եւ Պակիստան», - գրում է թերթը:

Որքան էլ նշանակալի լինի ջիհադիստների շարժումը ուզբեկների, ղազախների, տաջիկների կամ ղրղզների շրջանում, նրանք իրենց երկրներում վարչակարգեր տապալելու փոքր շանսեր ունեն: Ջիհադիզմի երեւույթը բնակչության ընդամենը  0,01 տոկոսն է ընդգրկում, եւ ԻԼԻՊ-ին միացած ջիհադիստների մեծամասնությունը երբեք չի կարողանա հայրենիք վերադառնալ: