Եվրոպական 8 երկրների՝ Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի եւ Լիտվայի առաջնորդները Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին նամակ են ուղղել, որում բողոք են հայտնել «Հյուսիսային հոսք» նախագծի ընդլայնման առիթով: Նրանց համոզմամբ, նախագծի իրականացումն աշխարհաքաղաքական անկայունության կհանգեցնի:

Երկու անանուն աղբյուրներ Reuters-ին պատմել են, որ նամակի վերջնական տարբերակը ստորագրել է նաեւ Խորվաթիան, սակայն գործակալությունը չի կարողացել այդ երկրի կառավարությունից լուրի հաստատում ստանալ:

Փաստաթղթում նշվում է, որ «Հյուսիսային հոսք 2» նախագիծը «կարող է որոշակի ռիսկեր պարունակել կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի անվտանգության համար»:

Փաստաթղթի հեղինակները պարզաբանում են, որ գազատարի ընդլայնումը «ճնշում կգործադրի գազային շուկայի զարգացման եւ տարածաշրջանում գազային տարանցման սխեմայի վրա, հատկապես՝ Ուկրաինայի տարածքով տարանցման ուղու վրա»:

Ըստ ՌԲԿ-ի, մարտի 17-ին Բրյուսելում նախանշված է Եվրամիության գագաթաժողովը, որում, մասնավորապես, քննարկվելու են էներգետիկ անվտանգության հարցեր:

«Հյուսիսային հոսք» գազատարի երկրորդ ճյուղը պետք է երկու անգամ մեծացնի Գերմանիային մատակարարվող գազի ծավալները՝ հասցնելով տարեկան 110 մլրդ խորանարդ մետրի: Ռուսական «Գազպրոմ»-ից բացի, նախագծի իրականացման կոնսորցիուում ներառված են նաեւ գերմանական E.ON եւ Wintershall ընկերությունները, անգլո-հոլանդական Shell-ը, ավստրիական OMV-ն եւ ֆրանսիական ENGIE-ն: