Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պնդում է, որ որակապես նմանատիպ հանգիստը Հայաստանում ավելի էժան է, քան Վրաստանում:
«Եթե համեմատենք Երեւանն ու Թբիլիսին, ապա մեզ մոտ ավելի էժան է, նույնը վերաբերում է Ծաղկաձորի ու Բակուրիանի համեմատությանը, եթե խոսքը որակապես նմանատիպ հանգստի մասին է»,- այսօր` հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մեխակ Ապրեսյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե հայերը նախընտրում են հանգիստը Վրաստանում, քանի որ ավելի էժան է, պաշտոնյան նույնպես չհամաձայնվեց. «Ներքին տուրիզմը Հայաստանում տարեցտարի զարգանում է , սա նշանակում է` հայերը նախընտրում են հանգստանալ նաեւ Հայաստանում»:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով նախորդ տարում Հայաստան է այցելել 1 մլն 192 հազար տուրիստ, իսկ Վրաստան` 2 մլն 280 հազար մարդ: Ըստ Մեխակ Ապրեսյանի` սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանն ունի Սեւ ծով:
Ինչ վերաբերում է զուգարանների խնդրին, Մեխակ Ապրեսյանը նույնպես պնդեց, որ այս հարցը լուծվում է, կա արդեն նաեւ առաջընթաց: Հարցին, թե կոնկրետ օրինակ, թե որտեղ է նոր հանրային զուգարան կառուցվել, նախարարության պաշտոնյան տվեց միայն մեկ օրինակ` Սեւան- Դիլիջան ճանապարհին գտնվողը:
«Բենզալցակայանների տնօրենների համար սա պետք է բիզնես լինի, նույնը նաեւ հանրային սննդի կետերին է վերաբերում»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:


























