Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով հունիսին այսպես կոչված «առեւտրային շրջանառությունը» տարեկան կտրվածքով 0.3 տոկոսով կրճատվել է: Նկատենք, որ այդ ցուցանիշը, բացի հենց մանրածախ ապրանքաշրջանառությունից ներառում է մեծածախը, նաեւ մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալը:

Հունվար- մայիս ամիսներին «առեւտրաշրջանառությունը»՝ համադրելի գներով նույնպես կրճատվել է՝ 0.1 տոկոսով: Միաժամանակ մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը նվազել է 4.2 տոկոսով, իսկ ահա մեծածախինը՝ ավելացել է 5.2 տոկոսով: Դրա հետ մեկտեղ երկնիշ թվերով աճել է նաեւ մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալը՝ 10.7 տոկոսով: Դրա շնորհիվ մասամբ փոխհատուցվել է մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալի անկումը: Իսկ ընթացիկ գներով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը հունվար- մայիս ամիսներին կրճատվել է գրեթե 8 տոկոսով: Ըստ վերոնշյալ տվյալների՝ մոտավորապես այսպիսի իրավիճակ է եղել հունիսի դրությամբ:

Մի շարք չափանիշներով ( տարածք, բնակչության թվաքանակ, հիմնական տնտեսական ցուցանիշներ) Հայաստանը շատ զիջում է իր ԵՏՄ գործընկերներին, Ղրղզստանից բացի: Բայց, զարմանալին այն է, որ Ռուսաստանից ֆիզանձանց դրամական փոխանցումների գծով մենք երկրորդ տեղում ենք, զիջելով միայն Ղրղզստանին: Դրանից էլ հենց բխում է այն, որ դրամական փոխանցումների գծով ռիսկերը Հայաստանի՝ ծավալով համեմատաբար փոքր տնտեսության համար անհամեմատ ավելի մեծ էին, քան Բելառուսի ու Ղազախստանի համար:

Ռուսաստանի պաշտոնական տվյալներով, Հայաստան կատարվող փոխանցումները 2014-ին հասել էին առավելագույն նիշին՝ 1.55 մլրդ դոլարի: Ղազախստանի ու Բելառուսի մասով այս ցուցանիշը մի քանի անգամ փոքր է եղել՝ համապատասխանաբար՝ 0.58 մլրդ ու 0.38 մլրդ դոլար:

Ռուսաստանից փոխանցումների հետագա անկումը՝ 2015-ին, ԵՏՄ երկրներից ամենաշատը հենց Հայաստանի վրա է անդրադարձել, եթե իհարկե նորից հաշվի չառնենք Ղրղզստանը: Օրինակ Ղազախստանի մասով անկումը կազմել է ընդամենը 63 մլն դոլար (այսինքն 10.9 տոկոս), Բելառուսի մասով՝ 147 մլն դոլար (39 տոկոս), իսկ ահա Հայաստանի մասով փոխանցումների գումարը կրճատվել է 610 մլն դոլարով (այսինքն գրեթե 40 տոկոսով): Փոխանցման կրճատումը տոկոսային արտահայտությամբ Հայաստանի ու Բելառուսի դեպքում գրեթե նույնն է, բայց դրանց բացարձակ արժեքով տարբերությունը մի քանի անգամ շատ է:

Ռուսաստանից Հայաստան գումարային փոխանցումների կրճատման գործընթաց է դիտարկվում նաեւ այս տարի: Այս գործոնի ազդեցության տակ մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկան՝ ընթացիկ գներով կրճատվում է, դրանից բխող բոլոր բացասական հետեւաքներով երկրի տնտեսության համար:

Սմբատ Գրիգորյան