Ընտրական օրենսգրքով նախատեսված վերահսկողական մեխանիզմները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 միլիոնն ամբողջությամբ տրամադրել են միջազգային դոնոր կազմակերպությունները։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը 4+4+4 ձեւաչափով քննարկման կողմերից մեկն էր։
Այս քննարկման արդյունքում էին հաստատվել վերահսկողական մեխանիզմները, որոնց ներդրման համար անհրաժեշտ 16 միլիոնից շուրջ 12-ն էր գտնվել։ 4 միլիոնի պակաս կար, որը թեեւ լուծվել է հուլիս ամսին՝ մինչեւ «Սասնա ծռեր» խմբի զինված գրոհը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, սակայն իշխանությունը որեւէ քայլ, հայտարարություն չի արել դրա կապակցությամբ։
«Քանի որ ես պարբերաբար հանդիպում եմ Եվերամիության դեսպանների հետ, իմ տեղեկություններով, իսկ իմ տեղեկությունը հավաստի է, անհրաժեշտ 16 միլիոն եվրո գումարը կա, մի բան էլ ավել արդեն կա։ Եւ եթե իշխանությունը իրապես հակված է 4+4+4 ֆորմատով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, օր առաջ պիտի ստեղծվի հանձնաժողով, որը պիտի սկսի այն ամբողջ գործընթացի տեխնիկական սպասարկումը եւ վերահսկողությունը»,-ասաց պատգամավորը։
Նշենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարել, որ եթե այդ ողջ տեխնիկական գործընթացն իրականցնելու համար առնվազն սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկի։
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ միջազգային կառույցներից եւս մտահոգություն կա, որ ժամանակը բավարար չի լինելու այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ «Սասնա ծռերի» հետ կապված իրադարձություններն են խոչընդոտում այդ աշխատանքները սկսելուն, ասաց․ «այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է դիմեք իշխանություններին, ես էլ կուզենայի ձեր կայքի միջոցով պատասխան ստանալ՝ ի՞նչն է էս պահին խոչընդոտում այդ հարցին։ Ես գրեթե ամեն օր կոնսուլտացիայի մեջ եմ Լեւոն Զուրաբյանի հետ եւ ընդդիմադիր կոմպոնենտը պատրաստ է օր առաջ լծվել այդ գործին։ Արդեն իսկ տեղյակ ենք, որ կան մտահոգություններ, որ որքան ուշացնենք, այնքան հիմնավոր կդառնան այդ մտահոգությունները, որ տեխնիկական պրոցեսի մի հատվածը հնարավոր չի լինի իրագործել»։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ եթե այս վերահսկողական մեխանիզմները իրականություն դառնան, ապա ընտրական գործընթացների հանդեպ հանրության վստահությունը կբարձրանա 75 տոկոսով, ընտրակեղծիքներն էլ կնվազեն այդքանով։ Նախնական տվյալներով՝ տեխնիկական զինման մեկնարկի ժամկետ է սահմանված սեպտեմբերի 1-ը։ Ամենայն հավանականությամբ հոկտեմբերին սպասվող Գյումրիի ու Վանաձորի ընտրությունները չեն լինի այս մեխանիզմների հսկողության ներքո։





























