Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած վերջին այցի հիմքում ընկած է Արեւմուտքի ու Ռուսաստանի «գազային» հակամարտությունը։ Նման տեսակետ ունի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Ըստ նրա, հարցի պատմությունը սկսվել է դեռեւս 2008 թվականին, երբ Արեւմուտքը որոշեց գործի դնել գազի տարանցման նոր ծրագիր, որը կոչված էր այլընտրանք դառնալ ռուսականին։
NABUCCO կոչվող ծրագիրը նախատեսում էր Իրանից, Միջին Ասիայից եւ Կասպից ծովի ավազանի տարածաշրջանից գազի մեծ հոսքերի դեպի Եվրոպա զուգահեռ տարանցման խողովակաշար կառուցել։ Ի պատասխան, Ռուսաստանը որոշեց գնել տարածաշրջանում եղած ողջ գազը, որպեսզի անարդյունավետ դարձնի այդ ծրագիրը։ Ադրբեջանը, որի քաղաքական կողմնորոշումից շատ բան է կախված, մեծ սակարկություն սկսեց՝ շահագրգիռ կողմերին հասկացնել տալով, որ որոշումը կլինի նրա օգտին, ով կօգնի Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը եւ շրջակա տարածքները։ Ռուսաստանին հասկացվեց, որ վերջինս այդ հարցում պետք է ազդի փոքր եղբայր ու ռազմավարական գործընկեր Հայաստանի վրա։
Ուղիղ մեկ տարի առաջ Մեդվեդեւը այցելեց Բաքու, որտեղ ստորագրվեց ռազմավարական գործընկերության ու համագործակցության մասին պայմանագիր։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում էր, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պարտավորվում են միջազգային կազմակերպություններում աջակցել մեկ-մեկու դիրքորոշմանը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանը պարտավորվեց ջանքեր գործադրել ղարաբաղյան հարցի կարգավորման եւ փախստականների վերադարձի գործընթացը աշխուժացնելու համար։ Այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գազամուղի շինարարության մասին, սակայն գազամուղի անցկացման ուղու եւ Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազի ողջ ծավալի գնման վերաբերյալ պայմանագիր չի ստորագրվել։ Վերաձեւակերպելով հայտնի խոսքը՝ Ադրբեջանի դիրքորոշումը կարելի է ներկայացնել այսպես. «Առավոտյան՝ Ղարաբաղը, երեկոյան՝ գազը»։
Երբ անցած սեպտեմբերին ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահն այցելեց Ադրբեջան, արժանացավ բավական սառը ընդունելության. Իլհամ Ալիեւը հրաժարվեց ընդունել նրան։ Դրանից հետո Դիք Չեյնին հայտարարեց, որ իրեն զարմացնում է, թե ինչպես Ռուսաստանի ու Վրաստանի օգոստոսյան պատերազմից հետո Ադրբեջանը կարողացավ նույնիսկ մտածել Ռուսաստանի հետ որեւէ ծրագրերի մասին։ Իրադարձությունների նման շրջադարձով անհանգստացած՝ ԵՄ երկրները արդեն հոկտեմբերին Բաքվում կազմակերպեցին էներգետիկ 4-րդ համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանը ստորագրեց NABUCCO-ին աջակցելու հռչակագրի տակ։ Սակայն փաստաթղթում մտցվել էր մի քանի նախադասություն ռուսական ծրագրի մասին, ինչը Ադրբեջանին խուսանավելու եւ սակարկությունը շարունակելու հնարավորություն էր տալիս։
Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահը անմիջապես կազմակերպեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների Մայնդորֆի հանդիպումը։ Նրանց կողմից ստորագրված հռչակագիրը պարունակում էր Հայաստանի համար բավական վտանգավոր կետեր։ Այսպիսով, Հայաստանի նախագահը ներքաշվեց կեղտոտ խաղի մեջ, որը ոչ մի կապ չուներ ղարաբաղյան կարգավորման հետ եւ առնչվում էր բացառապես էներգետիկ պաշարների տարանցման ուղիների հարցում Արեւմուտքի ու Ռուսաստանի մրցակցությանը, եւ այդ կապակցությամբ՝ Ադրբեջանի քմայքների բավարարմանը։
Ի պատասխան՝ Արեւմուտքը գործադրեց բավական խորամանկ մի ծրագիր, այն է՝ օգտագործել հայ-թուրքական խնդիրը` ղարաբաղյան հարցը այդ հարթությունում լուծելու համար։ Ադրբեջանի բարձրացրած թեժ աղմուկին հետեւեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը չհակազդելու խորհուրդը, քանի որ դա թույլ կտա զգալի առաջընթաց արձանագրել ղարաբաղյան կարգավորման հարցում։ Դրանով էլ Ադրբեջանին հասկացնել տվեցին, որ այդ դեպքում ԱՄՆ-ը կարող է հասնել հակամարտության այնպիսի կարգավորման, որը ձեռնտու է Ադրբեջանին։ Պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ղարաբաղյան հարցին զուգահեռ զբաղվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրով։ Ի դեպ, Բրայզան հայտարարել է, որ այդ գործընթացներն առայժմ ընթանում են զուգահեռ, սակայն ինչ-որ փուլում դրանք կհատվեն։
Հենց վերոհիշյալի պատաճով էլ սպասվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումներում կստորագրվի նախնական հանաձայնագիր։ Ըստ Սաֆարյանի, ամենավտանգավորն այն է, որ երկու նախագահներին կարող են ստիպել ստորագրել այն կետերի տակ, որոնց շուրջ կողմերը լուրջ տարաձայնություններ չունեն, իսկ վիճելի հարցերը թողնել հետագայի համար։ Ինչպես հայտնի է դարձել դիվանագիտական շրջանակներից, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել տարածքները Ղարաբաղի ինքնորոշման հարցում Ադրբեջանի համաձայնության փոխարեն։ Քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ հանրաքվեի հարցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձագետներն առաջարկում են կողմերին ստորագրել այն կետերի տակ, որոնց շուրջ արդեն պայմանավորվել են։ Այդ համատեքստում կարելի է համաձայնեցված համարել այն տարածքների վերադարձի հարցը, որոնք Ադրբեջանը ուզում է ստանալ, իսկ Հայաստանը խոստացել է վերադարձնել՝ արտահայտվելով մադրիդյան սկզբունքների օգտին։ Այդ պատճառով էլ չի բացառվում, որ կողմերին ստորագրման ներկայացվի տարածքների վերադարձման, խաղաղարար ուժերի տեղակայման եւ փախստականների վերադարձի մասին փաստաթուղթ, ինչում շահագրգռված են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան ու ԱՄՆ-ը։ Հենց այդ մասին է, ըստ երեւույթին, խոսքը, երբ ասվում է համանախագահների նոր առաջարկների մասին։ Այսպիսով, հանդիպումներից յուրաքանչյուրում փոքր զիջումների հասնելու ճանապարհով մեծ եւ անդառնալի խնդիր է առաջացել Հայաստանի հասարակության ու քաղաքական ուժերի համար։
Ըստ պատգամավորի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի դեմ բարձրացված աղմուկը նպատակ ունի ոչ միայն հասարակայնության ուշադրությունը շեղել ԵԽԽՎ Հայաստանի համար բավական անբարենպաստ բանաձեւից, այլ նաեւ ունի հակաադրբեջանական ակնհայտ ուղղվածություն։ Իշխանությունները փորձում են սրել հակաադրբեջանական տրամադրությունները հասարակության մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան հրաժարվել առաջարկված փաստաթուղթը ստորագրելուց։ Նման սցենարն արդեն ավանդական է դարձել ղարաբաղյան կարգավորման բանակցությունների պատմության մեջ. հենց որ իշխանությունները հայտնվում են փակուղում, գործի է դրվում հասարակական ընդվզման մեխանիզմը։ Ըստ էության, երկրի ղեկավարության անհեռատեսությունը հանգեցրեց նրան, որ հասարակության շահերի պաշտպանը դառնալու փոխարեն, երկրի առաջնորդն ինքն է թաքնվում հասարակության հետեւում, որպեսզի կանգնեցնի ղարաբաղյան հարցով Հայաստանի համար անբարենպաստ փաստաթղթի ստորագրման գործընթացը։



























