Գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի հայցն այժմ վերաքննիչ դատարանում է։ Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
Նրա համոզմամբ, իշխանությունները կարող էին անել այնպես, որ գազի գնի բարձրացում տեղի չունենար։ «Հայաստանում գազի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ։ Դա գործարք է իշխանությունների եւ «Հայռուսգազարդի» միջեւ։ Գործարքի արդյունքում նրանք երկուսն էլ լրացուցիչ գումարներ են ստանալու։ Դրա համար էլ պնդում ենք, որ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, որոնց միջին կենսամակարդակը մի քանի անգամ զիջում է եվրոպացիների միջին կենսամակարդակին,գազի սակագները վճարում ենք եվրոպացիների նման։ Դա անընդունելի է։ Հավաստի տեղեկություններով, հայաստանյան շատ գյուղերում, որոնք 100 տոկոսով գազաֆիկացված են, մարդիկ գազն օգտագործում են միայն սուրճ եփելու եւ ճաշ տաքացնելու համար, իսկ ձմռանն էլ պատրաստվում են տաքանալ փայտ վառելիքով»,- տեղեկացրեց Խաչատրյանը՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը տնտեսական համակարգը փոխելն է, ինչը, սակայն, հնարավոր չէ անել առանց քաղաքական համակարգի փոփոխության։
«Սոցիալական ապստամբություն չասեմ, սակայն սոցիալական դժգոհություն ազգաբնակչության շրջանում արդեն իսկ կա։ Իսկ դա իշխանությունների «վեջը չի»։ Իրենք իրենց գործն են անում, առաջ են գնում, ասում են՝ «Դե մարդիկ են էլի, կդիմանան»։ Բայց նրանք մարդկանց համբերության վրա են խաղում։ Իրականում մենք ենք պահում իշխանությանը, ոչ թե իշխանությունը` մեզ»,- ամփոփեց Վահագն Խաչատրյանը։




























