«Լինենք տերը պետության» ՀԿ նախագահ, ՀԱԿ անդամ Արմեն Համբարձումյանը հրաժարվում է սեպտեմբերի 20-ին Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի եւ հատուկ գնդի 20-ամյակի առթիվ իրեն շնորհած մարտական ծառայության մեդալից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին, նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ինձ համար անակնկալ էր, որ մեր ոչ լեգիտիմ իշխանություններն այդ օրն ինձ շնորհեցին մարտական մեդալ: Դրանից հետո որոշեցի, որ մեդալը պետք է հետ վերադարձնեմ, քանի որ ես չեմ ընդունում մեր իշխանությունների լեգիտիմությունը եւ բնականաբար իրենցից չեմ կարող պարգեւ ստանալ»,-ասաց նա հավելելով, որ հույս ուներ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ազատ կարձակվեին նաեւ իր քաղբանտարկյալ ընկերները:
Մեդալը այսօր կամ վաղը նա պատրաստվում է փոստով հետ ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին:
Համբարձումյանը նշեց նաեւ, որ սա անձնապես իր որոշումն է եւ կապ չունի Հայ ազգային կոնգրեսի հետ:
Հարցին, թե ինչո՞ւ մեդալից չի հրաժարվել հենց պարգեւատրման պահին, Համբարձումյանը պատասխանեց. «Մենք պարապ չենք, աշխատում ենք եւ ժամանակը չէր ներում»:





























