Պետական մարմիններին հատկացվող գումարների 64 տոկոսը աշխատավարձն է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 19-ին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: 2011 թվականին կրճատվելու է մոտ 440 հաստիք, պետական համակարգի ընդհանուր հաստիքները կկազմեն 16 660: ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացուցչին հանդիմանեց, որ կրճատումները իրականացվում են շատ կոպիտ եւ կոշտ:
Նա օրինակ բերեց Գերմանիան, որտեղ ուռճացած պետական ապարատը կրճատելիս լուծարում են պաշտոնը, որպեսզի պետծառայողը ստիպված չլինի ազատման դիմում գրել:
«Դուք խոսում եք մարդկանց, այլ ոչ թե հաստիքների մասին»,- ասաց դաշնակցական պատգամավորը: Այդ հայտարարությունն ի դեպ առաջացրեց նիստին ներկա արդարադատության նախարարի եւ ՍԴ աշխատակազմի ղեկավարի քմծիծաղը:
Պ. Սաֆարյանն ասաց նաեւ, որ նվազագույն աշխատավարձի 2,5 հազար դրամով բարձրացումը որեւէ կերպ չի ազդի պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի վրա, քանի որ ողջ համակարգում միայն 700 հոգի են աշխատում նվազագույն աշխատավարձով: Դրանք հիմնականում սպասարկման ոլորտի աշխատողներն են եւ հարկադիր կատարողները:





























