Եմենում քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել 7070 մարդ: Նման տվյալներ են ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ: Փաստաթղթի համաձայն՝ 2015-ի մարտից ռազմական գործողությունների ընթացքում 36,818 մարդ է տուժել, Եմենի եւս 2,1 մլն բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, հայտնում է DW-ն:

: Կազմակերպության տվյալներով՝ 21 մլն մարդ անհապաղ օգնության կարիք ունի:

ՄԱԿ-ի Եմենի հարցով հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդը դիմել է արաբական կոալիցիային, որը վերահսկում է Եմենի օդային տարածքը, խնդրելով այն բացել քաղաքացիական օդանավերի համար, որոնք կկարողանային  վայրէջք կատարել երկրի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում եւ վիրավորներին տեղափոխել:

«Մարդիկ մահանում են, ենթակառուցվածքները կործանվում են, Եմենի տնտեսությունն անդունդի եզրին է»,- հայտարարել է նա՝ նկարագրելով երկրում ստեղծված իրավիճակը: Հատուկ ներկայացուցչի խոսքով՝  խոլերայով վարակվելու կասկածանքով ավելի քան 2240 դեպք է գրանցվել: