2017-ին  Մեծ Բրիտանիան սառը պատերազմի ժամանակներից հետո առաջին անգամ Ռուսաստանի հետ սահմանին ՝ մասնավորապես Էստոնիայում կտեղակայի հեռահար գործողության գերճշգրիտ հրթիռների մարտկոցներ, գրում է Մարկ Նիկոլը Daily Mail–ում։ Դա բացատրվում է այն մտավախություններով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Էստոնիա ներխուժելու մտադրություն ունենալ։

Հրթիռների տեղակայումը Բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի միջոցառումների մի մասն է։ Հաջորդ տարի էստոնիա է ուղարկվելու մոտ 800 բրիտանացի զինծառայող ՝ այն զինված միավորման կազմում, որում լինելու են զինծառայողներ 15 երկրներից ՝ այդ թվում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ու Դանիայից։

Նիկոլի խոսքով, Բալթյան երկրների անվտանգության առթիվ մտավախություններ ուժեղացել են  այն ժամանակվանից, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, որը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5 հոդվածը, ըստ որի դաշինքը պետք է ռազմական ագրեսիայից պաշտպանի իր ցանկացած անդամին ։

Բրիտանական բանակի նախկին հրամանատար Ռիչարդ Շիրեֆֆը Daily Mail–ին ասել է, որ ռուսական ագրեսիան անդրադարձնելու համար անհրաժեշտ է Էստոնիայում տեղակայել հարյուրավոր բրիտանացի զինծառայողների։ «Եթե այդ զինված միավորումը մշտական հիմունքներով չլինի, այն հուսալի չի լինի,- ասել է Շիրեֆֆը,- 800 զինծառայողների տեղակայումը միայն սկիզբն է։ Ես նաեւ կցանկանայի, որ Մեծ Բրիտանիան ղեկավարեր Բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, մանավանդ «Բրեքսիթից» հետո։ ՆԱՏՕ-ն ընդհանուր առմամբ պետք է հասկացնի, որ ինքը պատրաստ և  ունակ է պաշտպանել այդ երկրները։ Ես վախենում եմ, որ եթե նախագահ Թրամփը չհաստատի 5-րդ հոդվածը կատարելու ԱՄՆ պատարստակամությունը՝ Ռուսաստանը կօգտվի այդ այդ իրավիճակից։ Մասնավորապես կարող է ռազմական արկածախնդրություն սադրել Բալթյան երկրներում։ Քանի որ ՆԱՏՕ-ի ձեւավորման պահից սկսած Եվրոպայի պաշտպանությունը հիմնված էր միայն մեկ բանի վրա ՝ այն անվերապահ վստահոթյան, որ ով էլ լինի Սպիտակ տան ղեկավարը, ԱՄՆ-ն միշտ օգնոթյան կհասնի դաշինքի մյուս անդամներին»։