Երեւանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 16-ից բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանը պնդում է` իրեն մինչեւ նոյեմբերի 16-ը աշխատանքի հարցը լուծելու խոստում էին տվել, որն այդպես էլ չի կատարվել: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ավելի ծայրահեղ քայլերի է գնալու` կառավարության դիմաց մեխելու է ոտքերը եւ հացադուլ է հայտարարելու:
«Ինձ իբր հանքում այլ աշխատանք են առաջարկել` ժամը 8-12-ը եւ վճարելու են 80 հազար դրամ, իսկ նախկինում ես 12 ժամ էի աշխատում եւ ստանում 350-400 հազար դրամ, դրա համար էլչեմ համաձայնել: Ես ընդամենը բանվորություն էի անում, հիմա էլ եմ մի հատ լապատկա ուզում, որ բանվորություն անեմ: Գալու եմ ոտքերս մեխեմ կառավարության դիմաց ու նստեմ, էս երկիր չի, որ մենք ապրում ենք»,-ասաց նա:
Ավելի վաղ Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կառավարությունից ոսկու հանքի տնօրինությանը հանձնարարական է տրվել՝ իր աշխատանքի խնդիրը շուտափույտ լուծել: Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել:
Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է: Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:




























